ՀՀ վերադառնալիս նախապես ստուգեք տարանցիկ թռիչքների առկայությունը․ ՀՀ ԱԳՆ

29.03.2020, 10:30
ՀՀ վերադառնալիս նախապես ստուգեք տարանցիկ թռիչքների առկայությունը․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ վերադառնալիս նախապես ստուգեք տարանցիկ թռիչքների առկայությունը․ ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։

ԱԳ նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ-ն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։

«Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-