ԱՄԷ-ից Հայաստան հատուկ չվերթով բերվել են բուժօգնության պարագաներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․Համավարակի դեմ պայքարում ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով բերվել են բուժօգնության պարագաներ, այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Աբու Դաբիի թագաժառանգը նշել էր, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին:
Հեռախոսազրույցից հետո էմիրաթական կողմին էր փոխանցվել ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:
Նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան են հասցվել բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Ամբողջ բեռը նվիրատվություն է ԱՄԷ կառավարության և ժողովրդի կողմից՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաև որպես Հայաստանի նախագահի և ԱՄԷ ղեկավարության միջև առկա ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ շփումներ է ունենում տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված հարցեր: «Նման քննարկում է եղել նաև շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, և այսօր հատուկ չվերթով Երևան ժամանեց մարդասիրական օգնությունը՝ բժշկական պաշտպանիչ միջոցներ և այլ ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այդ օգնությունը տրամադրվել է հենց Աբու Դաբիի թագաժառանգի կողմից՝ ի հավաստումն երկու երկրների բարեկամական հարաբերությունների»,-նշել է Էմիլ Տարասյանը։
«Հանրապետության նախագահը շարունակելու է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի, ինչպես նաև համագործակցության և օժանդակության շուրջ քննարկումներն ու զրույցները միջազգային գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

