ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների (հիշողություն և այլն) տարիքային վատացումը կարելի է կանխել, եթե մարդը շաբաթական գոնե մեկ-երկու անգամ զբաղվի մտավոր բարձր ակտիվություն պահանջող զբաղմունքներով:
Այս եզրակացությունը հրապարակվել է JAMA Neurology ամսագրում, գրում է
nkj.ru-ն:
Այդպիսի պարապմունքները կարող են զանազան լինել՝ օրինակ, կարելի է ինչ-որ բան պատրաստել սեփական ձեռքերով, կամ բարդ խաղեր խաղալ, կամ, վերջիվերջո, կանոնավոր շփվել ուրիշ մարդկանց հետ և մասնակցել հասարակական միջոցառումների:
Իրականում նմանատիպ հետազոտություններ կատարվել են նաև նախկինում, և արդյունքները նույնանման են, և ոչ միայն հիշողության և մտածողության արագության տարիքային թուլացման, այլ նաև Ալցհայմերի հիվանդության դեպքում: Սակայն նոր ուսումնասիրության աշխատանքի դրական կողմն այն է, որ տարեց մարդկանց հետևել են բավականին երկար՝ մի քանի տարի, մանրամասն նշելով, թե ինչով են նրանք զբաղվում և ինչպես են փոփոխվում նրանց մտավոր ընդունակությունները:
Ինչպես նշվել է, մտավոր վարժությունները 20–30%-ով նվազեցնում էին, այսպես կոչված, մեղմ կոգնիտիվ խախտումների հավանականությունը: Ճիշտ է, այս աշխատանքն ունի նաև բացասական կողմ՝ հեղինակները հաշվի չեն առել սննդի և ֆիզիկական մարզումների ազդեցությունը, ինչպես նաև այն, թե ինչով են մարդիկ զբաղվել ողջ կյանքում, չէ՞ որ, առաջինն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ կարող են մեծ ազդեցություն ունենալ ուղեղի առողջության վրա: -0-