Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»,-նշվում է հայտարարության տեքստում։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ։
«Ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում։ Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։
Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։ Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

