«Հայ ազգային կոնգրես»-ը կմասնակցի 2026 թ.-ի ԱԺ ընտրություններին. վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

26.12.2025, 15:52
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին
«Հայ ազգային կոնգրես»-ը  կմասնակցի 2026 թ.-ի ԱԺ ընտրություններին. վարչապետի թեկնածուն  Լևոն Զուրաբյանն է

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարել է 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

«Կուսակցության վարչապետի թեկնածուն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է», - ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը բարձր է գնահատում  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորությունը. դրանք պարզապես սովորական ընտրություններ չեն լինի։

«Մեր երկիրը գտնվում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգավոր փուլում. մենք կորցնում ենք մեր պետականությունը, և այս փուլում բոլոր նրանք, ովքեր պարզապես նպատակ ունեն մտնել խորհրդարան, պարզապես առաջ են մղում կառավարության օրակարգը։ Մեր նպատակն ավելի հավակնոտ է. մենք մտնում ենք նախընտրական պայքարի՝ ստեղծելու դաշինք, կոալիցիա՝ այլ քաղաքական ուժերի հետ միասին, որոնք կկարողանան փրկել մեր երկիրը գահավիժումից և պետականությունն ու ինքնիշխանությունը կորցնելու սպառնալիքից», - ասել է Մանուկյանը։

Զուրաբյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն այժմ գտնվում է անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում, որը լուրջ սպառնալիքներ է ներկայացնում ՀՀ պետականության համար։

«Մեր երկիրը շատ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ներկայիս ռեժիմն է, որը Հայաստանը ներքաշում է «ադրբեջանացման» գործընթացի մեջ՝ որպես կեղծ խաղաղության ծրագրի մաս», - նշել է Զուրաբյանը։

Դեկտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել 2026 թ.-ի հունիսի 2-ից մինչև հունիսի 12-ը։