Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բունդեսթագի փոխխոսնակ

24.05.2016, 15:28
Գերմանիան պատրաստ է աջակցել հայ և թուրք ազգերի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բունդեսթագի փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիան պատրաստ է աջակցել հայ և թուրք ազգերի միջև հարաբերությունների կարգավորմանը, երեքշաբթի Երևանում հայտարարեց Բունդեսթագի փոխխոսնակ Էդելքար Բուլմանը:

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմության մութ էջերը` մենք ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել և օգնել հայ և թուրք ազգերին շփման եզրեր գտնել` համակերպվելով սեփական պատմության հետ», - ասաց Բուլմանը ՀՀ փոխարտգործնախարար Էդուրադ Շարմազանովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով, դա բարդ, բայց հնարավոր քաղաքական ուղի է, որով կարող են ընթանալ Հայաստանը և Թուրքիան` երկխոսության և միմյանց միջև հարաբերությունների վերսկսման նպատակով:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։ -0-