Հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը վրդովված է Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացից

25.06.2010, 20:06
Հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը վրդովված է  Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացից

Հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունն ուրբաթ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին, համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման նոր փաստին և գործուն միջոցներ ձեռնարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը:

Ըստ վրացական մամուլի տվյալների՝ սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքների վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք։

«Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տվյալ գործընթացն  ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվեցնիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին)։

Կոնվենցիան մասնավորապես կոչ է անում մասնակից-պետություններին  ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով և նպատակ ունեն սահմանափակել շրջանակային Կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները: -0-