Հայաստանում խոզագրիպով ութ հիվանդ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում

13.11.2009, 17:06
Հայաստանում խոզագրիպով ութ հիվանդ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում
Հայաստանում խոզագրիպով ութ հիվանդ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում

Հայաստանում խոզագրիպով ութ հիվանդ բուժում է անցնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը։  

A/H1N1 վիրուսով, այսպես կոչված՝ խոզագրիպով հիվանդների թիվը ուրբաթ օրվա տվյալներով հասել է 11 մարդու, որոնցից երեքն արդեն դուրս է գրվել։

Ինչպես տեղեկացրեց Հունանյանը, միայն վերջին օրվա ընթացքում հիվանդների թիվը Հայաստանում աճել է հինգ մարդով, որոնցից չորսը միևնույն ընտանիքի անդամներ են։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով, ընտանիքի անդամներից մեկի մոտ Օմսկից վերադառնալուց հետո հանյտնաբերվել է խոզագրիպ։ Սակայն, ինչպես նշեց Հունանյանը, այդ ժամանակ նա արդեն հասցրել էր վարակել իր ընտանիքի անդամներին։

Վերջին օրվա ընթացքում Հայաստանում բացահայտված հիվանդներից մեկն էլ, ինչպես նշեց Հունանյանը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում աշխատող տաքսու վարորդ է։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին առողջապահության նախարարությունից, երկիրն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով, իսկ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կոչ է անում դեղորայքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ չբարձրացնել դեղորայքի գինը և արհեստական դեֆիցիտ չստեղծել դեղորայքի շուկայում։

Հայաստանի դեղորայքի շուկայում արդեն գնաճ և հակավիրուսային որոշ դեղամիջոցների և պիտույքների դեֆիցիտ է նկատվում։

«Առողջապահության նախարարությունը չի կարող զբաղվել շուկայի գների վերահսկողությամբ, բայց բուժումը A/H1N1 վիրուսով վարակվելու դեպքում կիրականացվի պետպատվերի շրջանակներում»,- ընդգծեցին Առողջապահության նախարարությունից։ -0-