Սահմանների բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կբարձրացնի Հայաստանի դերը Հարավային Կովկասում. ԵԱՀԿ
Սահմանների բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կբարձրացնի Հայաստանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Կապինոսը:
«Սահմանների բացումն ու Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ձեռնտու է երկու կողմին: Ակնհայտ է, որ Հայաստանի դերը տարածաշրջանում կբարձրանա, կլավանան մի շարք տարածաշրջանային խնդիրների կարգավորման հեռանկարները: Ընդհանրապես, Անդրկովկասում կստեղծվի դինամիզմ, և կամրապնդվեն տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմքերը», - նշեց նա:
Դեսպանի կարծիքով, փոխզիջումը հակամարտային հանգույցների լուծման միակն ուղին է, և դա պետք է գիտակցեն հայ-թուրքական արձանագրություններին քննադատությամբ արձագանքած ուժերը:
«Քաղաքականությունը հնարավորության արվեստ է, և այստեղ կարևոր է հասկանալ, որ հուզականությունը, չափից ավելի սպասումներն ու իրականությունից հեռու գտնվող պահանջները վատ օժանդակություն են քաղաքական հարցերի լուծման գործում», - նշեց Կապինոսը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-