Հայաստանի դեսպանը Բելառուսում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

29.01.2009, 20:00
Հայաստանի դեսպանը Բելառուսում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Բելառուսի Ազգային Ժողովի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ քննարկել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Բելառուս փոխհարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի համար առկա ներուժի գործարկմանը խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններին, կարծիքներ փոխանակել դրանց հաղթահարման ուղիների շուրջ։

Նշվել է, որ առաջադրված հարցերին նպատակահարմար կլինի անդրադառնալ փետրվարին Մինսկում կայանալիք Հայաստանի ԱԺ և Բելառուսի ԱԺ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի քննարկումների ընթացքում, նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ ընթացիկ տարում Բելառուս նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում։

Հայաստանի դեսպանը շնորհավորել է պարոն Բատուրային Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և նրան փոխանցել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը՝ ընթացիկ տարում Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերով։--0--