ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ստույգ ժամկետներ չսահմանել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ստույգ ժամկետներ սահմանելը սխալ է համարում։
«Ես նման հայտարարություններին զգույշ եմ մոտենում և կանխատեսումներ չէի անի՝ արդյոք հակամարտությունը կկարգավորվի գարնանը, ամռանը, աշնանը, այս տարի կամ այս ամսին։ Արդեն նման շատ հայտարարություններ են արվել»,- նա ասաց չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարի կարծիքով, միշտ պետք է լավատես լինել և իրավիճակում լավը տեսնելը, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին խոսել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում դրսևորի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։-0-