ՀՀ կառավարությունը շահագրգռված է բնապահպանական նորմերի պահպանմամբ. վարչապետ

22.09.2008, 10:57
ՀՀ կառավարությունը շահագրգռված է բնապահպանական նորմերի պահպանմամբ.  վարչապետ
ՀՀ կառավարությունը շահագրգռված է բնապահպանական նորմերի պահպանմամբ.  վարչապետ

ՀՀ կառավարությունը շահագրգռված է բնապահպանական նորմերի պահպանմամբ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Սա կառավարության սկզբունքային դիրքրորոշումն է, քանի որ կայուն զարգացումը հնարավոր չէ առանց բնապահպանական նորմերի պահպանման»,- շաբաթ լրագրողներին ասաց վարչապետը Ախթալայում, որտեղ մասնակցում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ  կոմբինատի 245-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ըստ նրա, այդ նպատակով անհրաժեշտ է, մի կողմից, ժողովրդին հստակ տեղեկատվություն տալ բնապահպանական նորմերի մասին, իսկ մյուս կողմից՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասարակական կազմակերպություններին վերահսկել ինչպես ձեռնարկությունների աշխատանքը, այնպես էլ կառավարության գործունեությունը բնապահպանական գործառույթների իրականացման առումով։

«Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք և բիզնես-ծրագիրը, և այդ ծրագրով նախատեսված բնապահպանական նորմերի պահպանման խնդիրները։ Եթե մենք գրանցենք որևէ շեղում այդ նորմերից, ապա հասարակությունն անպայման կիրազեկվի»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել են բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր։

«Մենք համաձայնության եկանք, որ միասնական մեթոդաբանություն պետք է մշակվի էկոլոգիական հաշվարկները ճշգրիտ իրականացնելու համար, ինչը հանրային քննարկումների առարկա կդառնա»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա, հասարակական կազմակերպությունները բարձրացրել են նաև բնապահպանական վճարների կտրուկ բարձրացման հարցը։

«Բայց պարզ է, որ գոյություն ունեն խելամիտ չափանիշներ։ Մենք համաձայնության եկանք, որ միասնական մեթոդաբանություն կմշակենք վճարները որոշելու համար»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքերով, այդ հարցի լուծումը պետք է խելամիտ լինի, որ, մի կողմից, չխոչընդոտի տնտեսության զարգացմանը, մյուս կողմից՝ պահպանի բնական արժեքները։ --0--։