Ռուսաստանը և Հայաստանն ակտիվացնում են հանցագործների հետախուզման հարցով համագործակցությունը. ՌԴ ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳՆ-ն և Հայաստանի ոստիկանությունն ակտիվացնում են համագործակցությունը հանցագործների և անհետ կորած անձանց հետախուզման և հայտնաբերման ոլորտում, լրագրողներին ասաց ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը, որը Երևան է ժամանել երկու երկրների իրավապահ մարմինների միացյալ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում ուրբաթ օրը հենց այդ հարցն է լինելու։ «Միջպետական տեղեկատվական բանկի տվյալներով, ներկայումս հացնագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 119 հազար մարդ, որոնցից ավելի քան 71 հազարը հետախուզվում է ռուսական իրավապահ մարմինների կողմից, իսկ հայկական կողմը հայտարարել է արդարադատությունից թաքնվող շուրջ 13 հազար հանցագործների հետախուզման մասին»,- ասաց Նուրգալիևը։
ՌԴ ՆԳՆ-ն և ՀՀ ոստիկանությունը «գործարկում են իրենց ողջ ներուժը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար»։ «Օրինակ, 2007-2008թթ. ռուսական տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները տեխնիկական համակարգերի օգնությամբ հայտնաբերել և ձերբակալել են շուրջ 240 հանցագործների, որոնց նկատմամբ Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ կոլեգիայի աշխատանքների ընթացքում քննարկվելու են նաև Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում կատարված միջտարածաշրջանային հանցագործություների հետաքննության և բացահայտման հարցերը։ Բացի այդ, Նուրգալիևի խոսքով, հանդիպման մասնակիցները համաձայնեցնում են ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միացյալ կոլեգիայի 2009թ. աշխատանքային ծրագիրը։
«Աշխատանքների արդյունքում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասաց նախարարը։--0—

