ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել հայ խաղաղապահներին

21.04.2008, 19:27
ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել հայ խաղաղապահներին
ՀՀ պաշտպանության նախարարը ուղերձ է հղել հայ խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել հայ խաղաղապահներին։

«Այսօր դուք թե Կոսովոյում, թե Իրաքում իրականացնում եք ձեր առաքելությունը պատվով և հայ զինվորին հատուկ բարձր կարգապահությամբ ու մարտական ոգով»,- ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարի խոսքով, այս մասին են վկայում առաքելության ընթացքում  լեհական, հունական և ամերիկյան ստորաբաժանումների հրամանատարությունների կողմից ստացված բազում շնորհակալական նամակներն ու ուղերձները` ուղղված ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը:

«Այսօր զեր կողմից իրականացվող առաքելությունը դարձել է յուրաքանչյուր երկրի զինված ուժերի կարևորագույն խնդիրներից մեկը: Չի կարելի պատկերացնել երկրագնդի վրա  հակամարտությունների մի այնպիսի տարածաշրջան, որտեղ չզգացվի խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության անհրաժեշտությունը»,- նշվում է ուղերձում:

Նախարարի խոսքով, խաղաղապահների ծառայությունն իր բնույթով դարձել է ժամանակի հրամայականը:

Օհանյանը վստահություն հայտնեց, որ այսուհետ նույնպես, հայ խաղաղապահները բարձր կպահեն ՀՀ զինված ուժերի ձեռք բերած բարի համբավը, հայ զինվորի պատիվը, կլինեն ծառայակից յուրաքանչյուր օտարերկրացի զինվորի համար կարգապահության և մարտական բարձր ոգու օրինակ:

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Հերթափոխության կարգով ուղարկվել է շուրջ 400 հայ զինծառայող։

Հայաստանը նախատեսում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մեծացնել իր խաղաղապահների թիվը, մասնավորապես, մեծացնել իր կազմը Կոսովոյում, ինչպես նաև բժիշկներ և թարգմանիչներ գործուղել Աֆղանստան։--0—