Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մինսկ չվերթն իրականացնող Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի ավիավթարի փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
«Ավիավթարի փաստով արդեն հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե կոնկրետ որ հոդվածով է հարուցվել գործը։
«Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը, Մալաթիա համայնքի դատախազը, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը և նրա տեղակալը»,- ասաց նա։
Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ պոկվել և բռնկվել է ինքնաթիռի պոչը, այն գտնվել է թռիչքուղուց 100 մետր հեռավորության վրա, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տարհանել ուղևորներին ինքնաթիռից։
Բելառուսի «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 ինքնաթիռը վայր է ընկել հինգշաբթի առավոտյան՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդ բարձրանալիս։
Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց մեծամասնությանը օգնություն է ցուցաբերվել տեղում։ Զոհեր չկան։-0-