Երևան կտեղափոխվեն անցած տարի Սոչիում տեղի ունեցած А-320 ինքնաթիռի վթարի ևս 12 զոհերի մարմնների մասեր

Երևան կտեղափոխվեն 2006 թ.-ի մայիսին Երևան-Սոչի չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռի վթարի ևս երեք զոհերի դիակներ և ինը զոհերի մարմնների մասեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Զոհերի մարմինների մասերը կտեղափոխվեն Երևան «Արմավիա» ավիաընկերության չվերթով ամենայն հավանականությամբ հինգշաբթի՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարավում տիրող եղանակային բարդ պայմանները», - տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Չվերթը օդանավակայանում կդիմավորի պաշտոնական պատվիրակությունը։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնությունը պարզող փորձաքննության արդյունքում՝ պարզվել է զոհերի ինքնությունը (հինգը՝ Երևանի բնակիչներ էին, մյուսները՝ Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Լոռու մարզերի բնակիչներ), նրանց բարեկամները տեղեկացված են այդ մասին։
2006 թ.-ի մայիսին «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող Երևան-Սոչի չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռը 700 մ խորությամբ սուզվել էր Սև ծովում ափից մոտավորապես 7 կմ հեռավորության վրա։
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում։ Ավիավթարի ժամանակ զոհվել է 113 մարդ, այդ թվում նաև անձնակազմի ութ անդամ և հինգ երեխա։-0-