Իրանի նախագահի Հայաստանից մեկնելու պատճառն իրենց երկրի ներքին խնդիրներն են-քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստանից առժամանակ մեկնելու պատճառը կարող է կապված լինել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրաժարականի հետ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց անկախ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Իրանի նախագահի մեկնելու պատճառը շատ լուրջ է և, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում վերջին դեպքերի, մասնավորապես, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրաժարականի հետ, որը պատասխանատու էր գերտերությունների և ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային հարցերով և տարածաշրջանային զարգացումներով բանակցությունների համար»,-ասաց քաղաքագետը։
Դրա հետ միասին նա չբացառեց քրդական զինյալ խմբերի թափանցումը Իրանի տարածք։
«Իրանը բազմիցս հայտարարել էր, որ քրդական ջոկատների տեսքով երկիր կարող են թափանցել ահաբեկչական խմբեր, և նման փորձեր արդեն իրականացվել են 2006-ին, ինչի արդյունքում այդ խմբերը ոչնչացվել են»,-ասաց Շաքարյանցը։
Ինչպես կարծում է քաղաքագետը, քրդական ջոկատների թափանցելը Իրան և Թեհրանի կողմից պատասխան քայլեր հրահրելը կարող է գերտերությունների ծրագրերի տարրերից մեկը լինել, որոնք ձգտում են Իրանին պարտադրել քրդական հարցում միջամտել Թուրքիայի և Իրաքի հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա ակտիվ ռազմական գործողություններ ծավալել Թեհրանի դեմ։
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա այցով Հայաստան էր ժամանել երկուշաբթի, բայց երեքշաբթի Երևանի ժամանակով 12։00-ին նա շտապ մեկնեց Երևանից։
Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ԻԻՀ նախագահի Հայաստան պաշտոնական այցի ծրագրերում փոփոխությունները կապված են այդ երկրի ներքին խնդիրների հետ։
«Առավոտյան իրանական կողմը խնդրել է փոփոխություններ մտցնել Ահմադինեժադի այցի ծրագրում, ինչի արդյունքում չեն կայացել Եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Երկնագույն մզկիթ այցելությունները և Իրանի նախագահի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում»։--0--

