Ռուսաց լեզվի ուսումնասիրումը կհարստացնի ԱՊՀ ցանկացած ազգությանը. «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաց լեզվի ուսումնասիրումը կնպաստի ԱՊՀ տարածքում գտնվող ցանկացած ազգության և մշակույթի հարստացմանը։ Նման կարծիք է արտահայտել ուրբաթ Երևանում ռուսական «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերության ղեկավար, Ռուսաստանի ԱԳ նախարարի խորհրդական Արմեն Հովհաննիսյանը՝ «ԱՊՀ տեղեկատվական տարածության ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» գիտաժողովի ժամանակ։
«Արհեստականորեն քեզ զրկել ռուսաց լեզուն ուսումնասիրելու հնարավորությունից՝ նշանակում է աշխատել քո ազգային մշակույթի և ժողովրդի դեմ, քանի որ չի կարելի փակել այն դուռը, որի միջով կարելի է մտնել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթ»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքերով, լեզուն փոխըմբռնման այն բազան է, որը ներկայանում է որպես ընդհանուր տեղեկատվական տարածության և միջպետական հարաբերությունների հիմք։
«Բացի մայրենի լեզվից, ցանկացած օտար լեզվի իմացությունը՝ հարստություն է, իսկ ռուսաց լեզվից հրաժարվելը կարող է աղքատացնել ցանկացած ազգության»,- կարծում է նա։
Միաժամանակ, ռադիոընկերության ղեկավարն ավելացրեց, որ շատ մասնագետներ հսկայական եվրասիական տարածության գիտական և մշակութային ոլորտներ մուտք են գործել հենց ռուսաց լեզվի միջոցով։
2007թ. մարտի 7-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց Հայաստանում Ռուսաց լեզվի տարին։
Աշխարհում Ռուսաց լեզվի տարին մեկնարկեց հունվարի 24-27-ը Փարիզում՝ «EXPO-LANG-2007» 25-րդ հոբելյանական միջազգային լեզվագիտական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ Ռուսաստանը ելույթ ունեցավ որպես պատվավոր հյուր՝ «Ռուսաց լեզուն՝ տիեզերքի առաջին հաղորդակցման լեզուն է»։
Երևանում սեպտեմբերի 27-28-ին տեղի ունեցող «ԱՊՀ տեղեկատվական տարածության ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» համաժողովի կազմակերպիչներն են ՄՏՌԳ «ՌԻԱ Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, տեղեկատվական հովանավորներն են՝ «ԱՌԿԱ» և ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունները։ Միջոցառման հովանավորն է՝ «Արմավիա» ավիաընկերությունը։ --0—