Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը բացառապես ղարաբաղյան ժողովրդի հաղթանակն է. փոխխոսնակ

25.09.2007, 19:25
Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը բացառապես ղարաբաղյան ժողովրդի հաղթանակն է. փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաղթանակը ղարաբաղյան ժողովրդի հաղթանակն է։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

«Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը միայն ինչ-որ քաղաքական գործիչների, կուսակցությունների, շարժումների վերագրելն անընդունելի է։ Դա ժողովրդի, առաջին հերթին՝ Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ազատամարտիկների հաղթանակն է»,-ասաց նա։

Հովհաննիսյանը միաժամանակ նկատեց, որ տվյալ գործընթացում չի կարելի թերագնահատել Հայաստանի ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը, որը պատերազմի տարիներին, փաստորեն, ղեկավարում էր ԼՂՀ Պաշտպանության բանակը։ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, փոխխոսնակի խոսքերով, ոչ մի կերպ չէր ազդում հակամարտության կարգավորման վրա, քանի որ Հայաստանը չէր մասնակցում պատերազմին։

«Ղարաբաղյան պատերազմին մասնակցում էին միայն Հայաստանից մեկնած կամավորները»,-նշեց Հովհաննիսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ առավ 1988թ.-ին, երբ գերազանցապես  հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-