Թաքնված սպառնալիք.ինչպե՞ս խուսափել պարբերական հիվանդության վտանգավոր բարդություններից

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պարբերական հիվանդությունը մինչև հիմա իսկական մարտահրավեր է բժիշկների համար, քանի որ այն դժվար է ախտորոշել։ Բայց այս հիվանդության հենց ժամանակին արված ախտորոշումից են կախված հիվանդների առողջությունը, կյանքի որակը, իսկ երբեմն նաև կյանքը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է պարբերական հիվանդության վտանգավոր բարդությունները, ինչպես նաև դրանցից խուսափելու միջոցները։
Ախտանիշեր և ծագումնաբանություն
Պարբերական հիվանդությունը, որպես կանոն, դրսևորվում է բարձր ջերմությամբ և պարբերաբար առաջացող սուր ցավերով որովայնի, կրծքավանդակի շրջանում և հոդացավերով, որոնք առաջանում են առանց պատճառ։ Ընդ որում մեկից չորս օր հետո հիվանդը արագ վերականգնվում է և նոպաներից հետո իրեն լիովին առողջ է զգում։ Բայց պարբերական հիվանդության նենգությունը հենց նրա քրոնիկ բնույթն է, քանի որ հիվանդությունը դրսևորվում է ամբողջ կյանքի ընթացքում` ավել կամ պակաս ինտենսիվությամբ։
Այսօր արդեն հաստատվել է, որ պարբերական հիվանդությունը կամ ինչպես այն անվանում են` ընտանեկան միջերկրածովյան տենդը գենետիկ հիվանդություն է, որը փոխանցվում է ժառանգաբար։ Այս հիվանդության համար պատասխանատու գենը MEFV–ն է։ Հենց նա է ազդում սպիտակուցի վրա, որն իր հերթին պատասխանատու է բորբոքային պրոցեսների դեմ օրգանիզմի պայքարի համար։ Բայց եթե գենը ենթարկվել է մուտացիայի, կարգավորում տեղի չի ունենում, հիվանդներն ունենում են տենդի նոպաներ։ Բժիշկները կարծում են, որ ընտանեկան միջերկրածովյան տենդը ժառանգվում է հիմնականում որպես աուտոսոմնո–ռեցեսիվ հիվանդություն։ Իսկ դա նշանակում է, որ այդ հիվանդության ախտանիշերը ծնողների մոտ բացակայում են։
Ահազանգող նախանշաններ
Բարեբախտաբար, պարբերական հիվանդությունը բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է, բայց յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե որ ախտանիշերի դեպքում պետք է շտապ դիմել բժշկի։ Հատկապես եթե խոսքը հրեաների, հայերի, արաբների, թուրքերի մասին է, քանի որ հենց այս ազգությունների ներկայացուցիչների մոտ է հիվանդության հաճախականությունը կազմում 1–3 մարդ ամեն 1000 մարդու հաշվով։
Ինչպես արդեն նշեցինք, հիվանդության հիմնական ախտանիշերն են ջերմության պարբերական բարձրացումը, որն ուղեկցվում է ցավերով, որովայնի, կրծքավանդակի շրջանում կամ հոդացավերով։ Մարդիկ ամենից շատ բողոքում են որովայնի ցավերից, հիվանդների մոտ 90%–ը։ Կրծքավանդակի շրջանում ցավեր են գրանցվում հիվանդների 20-40%–ի մոտ, հոդացավեր` հիվանդների 50-60%–ի մոտ։ Նոպաները երբեմն կարող են շատ ցավոտ լինել, նաև դժվարանում է շնչառությունը։ Երեխաները հիմնականում բողոքում են որովայնի պարբերական ցավերից և տենդից։ Որոշ հիվանդների մոտ կարող է լինել հիվանդության կամ մեկ ախտանիշը կամ բոլորը կամ դրանցից մի քանիսը։
Պարբերական հիվանդությունը նենգ հիվանդություն է, քանի որ որոշ նոպաներ նույնիսկ միևնույն մարդու մոտ կարող են թեթև ընթացք ունենալ, այդ պատճառով կարելի է սխալմամբ համարել, որ ինքնազգացողությունը պարզապես մի փոքր վատացել է։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա որովայնի ցավերի ժամանակ նրանց մոտ հաճախ լինում է փորկապություն, բայց հենց ցավն անցնում է, աղիների աշխատանքը մասամբ կարգավորվում է։
Անհետաձգելի բժշկական օգնություն
Եթե տենդի նոպաները կրկնվում են, նկատվում են ցավեր որովայնի և կրծքավանդակի շրջանում, առանց պատճառ բարձրանում է մարմնի ջերմությունը, ապա նշանակում է, որ պետք է անպայման դիմել մասնագետի։ Եթե դուք վստահ չեք, որ այդ ախտանիշերն ունեն որևէ այլ պատճառ և նոպաների արանքում ձեզ լավ ենք զգում, դուք պետք է անպայման խորհրդակցեք բուժող բժշկի հետ համապատասխան մասնագետի դիմելու համար։ Դեպքերի բացարձակ մեծամասնության պարագայում այս հիվանդությունն ախտորոշվում է գենետիկորեն այնպիսի կլինիկական ցուցանիշներով, ինչպիսիք են ընտանեկան միջերկրածովյան տենդին բնորոշ որևէ ախտանիշի առկայությունը կամ պարբերական հիվանդության առկայությունը ընտանիքի որևէ անդամի մոտ։
Մահացու բարդություններ
Կարևոր է հիշել, որ պարբերական հիվանդությունն ինքնին վտանգավոր չէ, այն վտանգավոր է, քանի որ հանգեցնում է մահացու բարդությունների, որոնք իրենց հերթին հանգեցնում են մահվան բուժման բացակայության կամ սխալ բուժման դեպքում։ Այս հիվանդության վտանգավոր բարդություններից է երիկամների ախտահարումը կամ ամիլոիդոզը, որն առաջանում է կուտակված սպիտակուցի` ամիլոիդի պատճառով, որը հանգեցնում է երիկամային անբավարարության զարգացմանը։ Բարդությունների հաճախականությամբ երկրորդ տեղում աղիների անանցանելիությունն է, քանի որ հիվանդությունն ախտահարում է աղիների ներքին էպիթելը։ Երբեմն առաջանում են բարդություններ դեղերի ընդունման ֆոնին, գրանցվում են մկանային դրսևորումներ, մաշկի ցան, հազվադեպ առաջանում է մազաթափություն։
Կարևոր է իմանալ
Բարեբախտաբար, բոլոր բժիշկները միակարծիք են, որ պարբերական հիվանդության ժամանակին կատարված ախտորոշումը և ճիշտ բուժումը կօգնեն խուսափել այս հիվանդության ծանր հետևանքներից։ Ավելին, թվարկված պայմաններին հետևելու դեպքում հիվանդների կյանքի որակը գրեթե չի տարբերվի առողջ մարդկանց կյանքի որակից։–0–* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ
