Ռուսաստանը դեմ է ռազմական փորձերին և մարտական ռևանշին Ղարաբաղում. Զատուլին

28.04.2018, 17:56
Ռուսաստանը դեմ է ռազմական փորձերին և մարտական ռևանշին Ղարաբաղում, ասել է Կոնստանտին Զատուլինը:
 Ռուսաստանը դեմ է ռազմական փորձերին և մարտական ռևանշին Ղարաբաղում. Զատուլին
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը դեմ է ռազմական փորձերին և մարտական ռևանշին Ղարաբաղում, ասել է ԱՊՀ գործերով, եվրաինտեգրման և հայրենակիցների հետ կապերի խորհրդարանական կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը շաբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Հայաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրվա հաղորդման համաձայն, ապրիլի 21-ից արցախաադրբեջանական շփման գծում լարվածության աճ է նկատվում: Ավելի վաղ Արցախի պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է շփման գծում կենդանի ուժի և ռազմատեխնիկայի կուտակումը:

«Խաղաղ բանակցությունները պետք է շարուակվեն, ոչ մի սադրանք չպետք է լինի: Եվ, իհարկե, այդպիսի բան չպետք է լինի, երբ Հայաստանն այսպիսի ժամանակներ է ապրում: Մեր ներկայությունն այստեղ և հեռախոսազրույցները, որոնք ունեցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, պետք է ցույց տան, որ Ռուսաստանը հետ չի կանգնել Հայաստանից դժվարին պահին: Դա պետք է հայտնի լինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»,- ասել է Զատուլինը:

Նա կարծում է, որ Ադրբեջանը չի ապակայունացնի իրավիճակը և չի փորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներից:

Զատուլինն ասել է նաև, որ ծանր է տանում 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները:

«Ես գիտեմ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր: Նա իր ներքին և արտաքին պատճառներով որոշեց խախտել գոտու հավասարակշռությունը: Ցավում եմ, որ այստեղ կիրառվել է ռուսական արտադրության զենք: Հույս ունեմ, որ Ռուսաստանի հետագա գործողությունները Հայաստանին զենքի մատակարարման ուղղությամբ թույլ են տվել վերականգնել բալանսը, և մենք կտրականապես դեմ ենք ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման ցանկացած տարբերակի»,- ասել է փոխնախագահը: -0-