ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցը, հայտնում է
kremlin.ru–ն։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես իրավական դաշտում, գործող սահմանադրության շրջանակում և 2017 թվականի ապրիլին անցկացված խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների հիման վրա։
Ըստ հաղորդման, տվյալ համատեքստում կարևորվել է 2018 թվականի մայիսի 1–ին ծրագրված վարչապետի ընտրությունը Խորհրդարանի կողմից։
Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-