ԼՂՀ նախագահը սահմանում իրավիճակի սրման կապակցությամբ ԱԽ նիստ է անցկացրել

02.04.2016, 15:18
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել շաբաթ օրը։
ԼՂՀ նախագահը սահմանում իրավիճակի սրման կապակցությամբ ԱԽ նիստ է անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հակառակորդի կողմից սահմանում զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել շաբաթ օրը, հայտնում է ԼՂՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։

Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նշել է, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցնում է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։ -0-