ԼՂՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զինատեսակների և կապի միջոցների լուսանկարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է շաբաթ օրը դիվերսիայի հերթական փորձ ձեռնարկած ադրբեջանցի դիվերսանտների` նահանջելու ընթացքում թողած զինատեսակների և կապի միջոցների լուսանկարները, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես` 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեւանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր:
«Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները՝ հայկական կորուստների մասին, անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
«Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները շաբաթ լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հետախուզադիվերսիոն հերթական գործողության փորձ էին կասեցրել:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ»,– նշվում է հաղորդագրությունում։
«Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշել են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-