ԼՂՀ վարչապետը հորդորել է հայ ուսանողներին ավելի հաճախ այցելել Ղարաբաղ

04.04.2011, 15:06
ԼՂՀ վարչապետը հորդորել է հայ ուսանողներին ավելի հաճախ այցելել Ղարաբաղ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախորդ ուրբաթ ընդունել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մի խումբ ուսանողների, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը ներկաներին հորդորել է առավել պարբերական դարձնել ԼՂՀ այցելությունները, ինչը լավագույն միջոց կծառայի ակտիվ համագործակցության համար:

Ի պատասխան ուսանողների բազմաբնույթ հարցերի, ԼՂՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է Արցախի տնտեսական ասպարեզում իրականացվող ծրագրերին, մասնավորապես մանրամասնել գյուղատնտեսության հետագա զարգացման խնդիրները:

ԼՂՀ վարչապետը խոսել է երիտասարդական հիմնախնդիրների, բանակի մարտունակության, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին: «Մեր ապագա անելիքները պետք է ուղղորդել միասնական Հայաստանի կերտմանը», - նշել է Հարությունյանը:-0-