ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությունը հինգշաբթի ժամանել է Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։ Ըստ նրա, առաջիկայում կկայանա առաքելության անդամների հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Ղարաբաղ են ժամանել Երևանից, որտեղ նախօրեին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել` Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:
Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջևանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-