Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը հանվել է ՄԱԿ-ի ԳՎ-ի քննարկումից, այլ ոչ թե տեղափոխվել հաջորդ նստաշրջան. ԱԳՆ

17.09.2010, 14:28
Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը հանվել է ՄԱԿ-ի ԳՎ-ի քննարկումից, այլ ոչ թե տեղափոխվել հաջորդ նստաշրջան. ԱԳՆ
Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը հանվել է ՄԱԿ-ի ԳՎ-ի քննարկումից, այլ ոչ թե տեղափոխվել հաջորդ նստաշրջան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի կողմից ներկայացված Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի փաթեթը հանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի քննարկումից, այլ ոչ թե տեղափոխվել հաջորդ նստաշրջան, «Ազգ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Ադրբեջանը նախորդ շաբաթ որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախատեսված քննարկումից և քվեարկությունից հանել Ղարաբաղի մասին բանաձևի նախագիծը, որը Երևանում հակահայկական են համարում:

«Նախ` պետք է հստակություն մտցնել այս հարցադրման մեջ: Խոսքն այստեղ ոչ թե բանաձևի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ` քննարկումից ընդհանրապես հանելու: ՄԱԿ-ում բանաձևի նախագծի հետաձգում մեկ այլ նստաշրջանի հնարավոր չէ: Տվյալ նախագիծը քվեարկության չդրվելու պարագայում` համապատասխան նստաշրջանի ավարտից հետո այլևս դադարում է գոյություն ունենալ», - պարզաբանել է Կիրակոսյանը:

Նա նշել է, որ խոսքը ոչ թե բանաձեւի, այլ օրակարգի կետի 65-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին է:  Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաև միջազգային հանրության գերակշիռ մասը դեմ են արտահայտվել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ձևաչափի փոփոխմանն ուղղված որևէ քայլի:

Ինչպես նշել է Կիրակոսյանը՝ միջազգային հանրությունը միանշանակ սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Բնականաբար, Ադրբեջանի նման ապակառուցողական կեցվածքը, աջակցություն չգտնելով անդամ երկրների կողմից, բացասաբար պիտի անդրադառնար վերջինիս հեղինակության վրա, այն ոչ միայն թույլ չէր տա Բաքվին ինչ-որ դիվիդենտներ ստանալ, այլև` հակառակը», - ասել է Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ դա էլ հիմնականում պատճառ դարձավ Ադրբեջանի կողմից բանաձևը քվեարկության չներկայացնելու համար:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-