Ղարաբաղում անցկացվել է «Տնջրե» միջազգային երաժշտական փառատոնը
Լեռնային Ղարաբաղում անցկացվել է «Տնջրե» միջազգային երաժշտական փառատոնը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, փառատոնին մասնակցել են Լատվիան, Լիտվան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Ավստրիան, Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացնող երաժիշտները:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ փառատոնի օրերին իր համար ամենակարևորը համովելն էր, որ ղարաբաղցի երեխաներն իրենց ընդունակություններով չեն զիջում ճանաչված և զարգացող երկրներում բնակվող տաղանդավոր երեխաներին:
«Այս ամենը պարտավորեցնում է, որպեսզի մենք այսուհետ ևս ճիշտ կազմակերպենք մեր երեխաների զարգացումը, հետևողական և վճռական լինենք մեր նախաձեռնություններում», - նշեց Աղաբալյանը:
Փառատոնի մասնակիցները եղել են ԼՂՀ Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող սոսի ծառի մոտ, Արցախյան Տիգրանակերտի պեղումների վայրում և Գանձասար վանական համալիրում:
Փառատոնը բացվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մենահամերգով, իսկ գալա-համերգին համատեղ ծրագրով հանդես կգան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Արցախի կամերային նվագախումբը։
«Տնջրե» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ կառավարության և «Բեյզ Մեթլզ» մետաղագործական ընկերության, մի շարք պետական և մասնավոր կառույցների օժանդակությամբ։ -0-