Ղարաբաղի քաղաքացիներն ապացուցեցին ազատ և անկախ ապրելու իրենց ցանկությունը. Հայաստանի ԱԳՆ

Մայիսի 23-ին անցկացված ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ և անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը, ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգերորդ գումարման խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով քվեարկել է ընտրողների 70 տոկոսը։
«Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ»,- ասվում է արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությունում, որը երկուշաբթի տրամադրել են «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Նախարարի խոսքերով, Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանությամբ:
Նա նշեց, որ ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին:
«ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները»,- ասաց Նալբանդյանը:
Ինչպես նշեց նախարարը, Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով:
Ըստ նախնական տվյալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 70,11 տոկոս ընտրող է քվեարկել: Ընտրություններին մասնակցել է 66 919 ընտրող՝ 95303 ընտրազանգվածից:
Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ), Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է): Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:
Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17 տեղ՝ համամասնական կարգով ընտրվածներին:--0—