ԼՂՀ ԱԺ-ն ուղերձ է հղել աշխարհի ողջ հայությանը «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ
ԼՂՀ ԱԺ-ն չորեքշաբթի հերթական լիագումար նիստի ժամանակ ընդունել է աշխարհի ողջ հայությանն ուղղված ուղերձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կապակցությամբ:
«Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված միջոցները հիմնականում կուղղվեն Շուշի քաղաքի հինավուրց վարչական ու մշակութային կենտրոնի վերականգնմանն ու զարգացմանը»,- ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ուղերձում:
Փաստաթղթում նշվում է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 16-19-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույն նպատակով մարաթոն է անցկացրել Եվրոպայի երկրների հայկական համայնքներում, որի նախնական արդյունքները գերազանցում են անցյալ տարվա համանման միջոցառման ցուցանիշները:
«ԼՂՀ ԱԺ-ն, ըստ արժանվույն գնահատելով ձեզանից յուրաքանչյուրի հայրենասիրական ջանքերը, դիմում է ձեզ՝ կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել համահայկական դրամահավաքին»,- ասվում է ուղերձում:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում վստահություն հայտնեցին, որ համազգային դրամահավաքի ժամանակ նվիրաբերված յուրաքանչյուր լուման կարևոր խթան կհանդիսանա իր ազատությունը արյան ու հերոսների կյանքի գնով ձեռք բերած և հանուն հայ ժողովրդի փառքի ու շահերի անկախ պետականության ուղին ընտրած Արցախի հետագա ճակատագրի ստեղծման գործում: -0-