Միջազգային միջնորդները պետք է շտապ վերանայեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայությունը. փորձագետներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձագետների և քաղաքացիական հասարակության առաջնորդների կարծիքով՝ միջազգային միջնորդները պետք է շտապ վերանայեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայությունը:
Այս մասին հայտարարեց Անվտանգության ու արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» համաժողովի ընթացքում:
Նրա խոսքերով՝ 1991 թ.-ին համաշխարհային կենտրոնների կողմից ընդունված զուտ քաղաքական որոշումը՝ Խորհրդային միության տարածքում որպես նորանկախ պետություններ ճանաչել միայն այն գոյացությունները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին միութենական հանրապետությունների կարգավիճակ ունեին, այլևս արդիական չէ:
Ավելին, Մայիլյանի խոսքերով, այսօր տվյալ մոտեցումը ծայրահեղ բացասական է, քանի որ խրախուսում է նախկին մետրոպոլիաներին՝ նոր ագրեսիա սկսել առանձնացված ինքնավարությունների դեմ:
Նրա խոսքերով՝ հայկական կողմերի համար հակամարտությունների կարգավորման վտանգավոր սցենարների չեզոքացման և ԼՂՀ անվտանգության ամրապնդման համար հայկական երկու պետություններին էլ անհրաժեշտ է գործի դնել խնդրի լուծման «երկրորդ տարբերակը», այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացին զուգահեռ ակտիվ ու նպատակաուղղված աշխատանք իրականացնել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
«Դե-յուրե անկախ Արցախը սեփական անվտանգության ապահովման համար նոր հնարավորություններ կստանա քաղաքական-ժողովրդավարական միջոցներով»,- հայտարարեց Մայիլյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-