Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը

20.02.2009, 13:22
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, նիստի օրակարգում ներառված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և խորհրդարանական դիվանագիտության ծրագրերին, ԼՂՀ-ում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական ապահովման մասին օրենսդրության առանձնահատկություններին և դրա կատարելագործման հնարավորություններին, ինչպես նաև օրենսդրական վերահսկման շրջանակներում կրթության և գիտության խնդիրներին վերաբերող հարցեր և այլն։

Ելույթ ունենալով նիստի ընթացքում ՝ ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ոչ միշտ է հաջողվել սերտորեն համագործակցել Հայաստանի խորհրդարանի հետ և հույս է հայտնել, որ տվյալ նիստի անցկացումով սկսվում է երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների համագործակցության նոր փուլը։

«Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պրակտիկայում սա առաջին նման ձևաչափն է, որը վկայում է համատեղ քննարկումներին նոր որակ հաղորդելու մասին։ Մեր աշխատանքն ավելի առարկայական բնույթ է ստանում և գոյություն ունեցող հարցերին իրական լուծում տալու հնարավորություն կստեղծվի», - հայտարարել է Ղուլյանը։

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ նիստի պարբերական անցկացումն ու երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը թույլ կտա ցանկալի հաջողությունների հասնել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։

ՀՀ խորհրդարանի նախագահը փաստել է, որ գոյություն ունեցող ներուժն ամբողջովին չի օգտագործվել։

«Այսօրվա դրությամբ կան ակտիվ համագործակցության համար բոլոր նախադրյալներն, ու հայ խորհրդարանականները պատրաստ են լրացնել այդ բացթողումը», -նշել է Աբրահամյանը։

Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները, խորհրդարանական խմբակցությունների անդամներ, Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների այլ ներկայացուցիչներ, կառավարության անդամներ և Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորներ։-0-