Հայ հրետանավորները շարքից հանել են հակառակորդի ծանր տեխնիկան. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը փորձել է կիրառել ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ», – հայտնում է Հովհաննիսյանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 20 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 1 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և Ադրբեջանի ԶՈւ–ի 3 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է մեկ տանկ, ունի 18 զոհ, մոտ 40–ը վիրավոր է։ –0–
