ՀՀ և ԼՂՀ վարչապետերը ծանոթացել են մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, երկու հայկական պետությունների վարչապետերն եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին:
ՀՀ վարչապետն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում մարտական հերթապահություն կրող զինվորների ծառայությունը: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում բանակաշինության ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Կառավարությունների ղեկավարները վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են: -0-