Սիրտս փշրվել է միլիոնավոր կտորների․ Փերիս Հիլթոնը ցույց է տվել, թե ինչ է մնացել իր Կալիֆոռնիայի առանձնատնից խոշոր հրդեհի հետևանքով (ՎԻԴԵՈ)

10.01.2025, 16:03
Հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը ցույց է տվել, թե ինչ է մնացել իր Կալիֆոռնիայի առանձնատնից խոշոր հրդեհի հետևանքով․ ՎԻԴԵՈ
Սիրտս փշրվել է միլիոնավոր կտորների․ Փերիս Հիլթոնը ցույց է տվել, թե ինչ է մնացել իր Կալիֆոռնիայի առանձնատնից խոշոր հրդեհի հետևանքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի կինոդերասանուհի, մոդել, հեռուստաաստղ Փերիս Հիլթոնը ցույց է տվել, թե ինչ է մնացել իր Կալիֆոռնիայի առանձնատնից խոշոր հրդեհի հետևանքով։

«Կանգնած եմ այստեղ՝ նախկին մեր տանը, և սրտիս վիշտն իսկապես աննկարագրելի է: Երբ առաջին անգամ տեսա լուրը, ամբողջությամբ ցնցված էի, չէի կարողանում հավատալ։ Բայց հիմա, կանգնելով այստեղ և իմ աչքերով տեսնելով այս ամենը, թվում է, թե սիրտս փշրվել է միլիոնավոր կտորների:

Այս տունը պարզապես ապրելու վայր չէր, այն վայր էր, որտեղ մենք երազում էինք, ծիծաղում և ստեղծում ամենագեղեցիկ հիշողությունները՝ որպես ընտանիք: Այստեղ էր Ֆենիքսի փոքրիկ ձեռքերը ստեղծում արվեստ, որը ես հավերժ կփայփայեմ, որտեղ ամեն անկյուն լի էր սիրով ու կյանքով: Տեսնել, որ այս ամենը վերածվել է մոխրակույտի… կործանարար է, խոսքեր չկան։

Իմ սիրտն էլ ավելի է կոտրում իմանալով, որ սա միայն իմ պատմությունը չէ: Այնքան մարդ է կորցրել ամեն ինչ։ Միայն պատերն ու տանիքները չեն, այլ հիշողություններն են, որ այդ տները դարձրել են տներ: Լուսանկարներն են, հուշերը, մեր կյանքի անփոխարինելի կտորները:

Եվ, այնուամենայնիվ, այս ցավի մեջ ես գիտեմ, որ աներևակայելի բախտավոր եմ: Իմ սիրելիները, փոքրիկները և իմ ընտանի կենդանիները ապահով են: Դա ամենակարևորն է, և ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Երախտապարտ եմ բոլոր հրշեջներին, առաջին արձագանքողներին և կամավորներին, ովքեր վտանգում են իրենց կյանքն այս հրդեհների դեմ պայքարելու համար:

Բոլորն, ովքեր ուղարկել են իրենց սերը, աղոթքներն ու բարությունը, ինձ հիշեցրել են, որ նույնիսկ մոխրի մեջ դեռ կա գեղեցկություն այս աշխարհում: Հոգաչափ շնորհակալ եմ։ Եվ բոլորին, ովքեր անցնում են այս ցավի միջով, խնդրում եմ իմացեք, որ դուք մենակ չեք: Մենք միասին ենք: Կվերակառուցենք, կբուժենք և կդառնանք ավելի ուժեղ։

Թող սա հիշեցում լինի, որպեսզի ձեր սիրելիներին մոտ պահեք: Գնահատեք պահերը։ Կյանքը կարող է փոխվել մեկ ակնթարթում, և իսկապես կարևոր է սերը, որը մենք կիսում ենք: Իմ սերն եմ ուղարկում բոլորին, ովքեր այս պահին ցավի մեջ են», – գրել է Հիլթոնը՝ հրապարակելով տեսանյութը։

Լոս Անջելեսում ուժեղ անտառային հրդեհները շարունակվում են։

Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի իրական թիվն անորոշ է, քանի դեռ քննիչների համար անվտանգ չէ մուտք գործել թաղամասեր։

Հրշեջները կրակի դեմ պայքարում առաջընթաց էին գրանցել, քանի որ Սանտա Անայի քամիները թուլացել էին, բայց օրվա ընթացքում քամին կրկին ուժգնացել է ողջ շրջանում։

Հրդեհի նոր օջախներ են բռնկվել Լոս Անջելես և Վենտուրա շրջանների սահմանի մոտ։ Ավերվել է ավելի քան 10 հազար շինություն։