Փաշինյանը քրեական հետապնդմամբ է սպառնացել Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին

05.06.2026, 22:43
Նիկոլ Փաշինյանը կրկին հանցագործությունների մեջ է մեղադրել ընդդիմադիրներ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին՝ նրանց սպառնալով քրեական հետապնդմամբ
Փաշինյանը քրեական հետապնդմամբ է սպառնացել Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կրկին հանցագործությունների մեջ է մեղադրել ընդդիմադիրներ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին՝ նրանց սպառնալով քրեական հետապնդմամբ։

Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նրանց գլխավորած քաղաքական կուսակցությունները կրկին անվանել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ հայտարարելով, որ այն չպետք է անցնի խորհրդարան 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքում։

« Սա Հայաստանի ժողովրդի արժանապատվության հարցն է, որովհետև այն քաղաքական ուժերը, այն լրտեսական ցանցերը, որ մտածում են՝ կարող են գնել հայ ժողովրդին, կարող են անվանարկել նրանց, կարող են համեմատել ծախու արարածների հետ, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով», - ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանի մասին

Փաշինյանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանին բանտ ուղարկելու մտադրության մասին։

« Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը։ Ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատարանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում։ Դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։ Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը», - հայտարարել է Փաշինյանը։

Սամվել Կարապետյանի մասին

Գործադիրի ղեկավարը սպառնալիքներ է հնչեցրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի հասցեին՝ նրան անվանելով «կալուգայան օլիգարխ, ով զորամասերում պտտում էր էլեկտրաէներգիայի հաշվիչները»։

« Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը, իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության։ Պետք է պատասխանատվության ենթարկվի 300,000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։ ՀԷՑ-ը պետական է և այլևս լինելու է միայն պետական», - ասել է նա։

Գագիկ Ծառուկյանի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Մուլտի Գրուպ»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ գլխավոր դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել ավելի քան 300 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, և դատական համակարգը պետք է օր առաջ այդ թալանվածը վերադարձնի պետությանն ու ժողովրդին։

«Ծառուկյանը, նրա սանձարձակ կողմնակիցներն ու որդին պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց գործած հանցանքների համար», — հայտարարել է նա։