Ողբերգական վրաերթ՝ Արմավիրի մարզում․ 22–ամյա վարորդն ուշ գիշերին վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնություն և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարդացեք նաև․ 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)

