425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի,/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ, հայտնում են գերատեսչությունից։
Ինչպես նշում են Ներքին գործերի նախարարությունից, ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։
Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։
«Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձ։ Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։

