Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Արմավիրի մարզում ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների, ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում հայտաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մի քանի օր շարունակ հարազատները 24 ժամ ռեժիմով որոնողական աշխատանքներ են կատարել, որին այսօր միացել են նաև փրկարարները։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Փրկարարները և մահացած կնոջ հարազատները սպասում են, մինչև կժամանեն քննիչները։
Կայքի տեղեկություններով, կինը գնացել էր դեպի Ոսկեհատ գյուղի ուղղությամբ, ինչի վերաբերյալ առկա էին նաև տեսագրություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։
Նշվում էր, որ նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

