Արզական գյուղում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա մահացել է
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի շտապօգնության խումբը մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այգետնակի հարակից տարածքում հայտնաբերել է տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա և խայթել բժշկուհուն։
Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սարգիս Օ․-ին պատկանող մեղվի փեթակները տեղափոխելու ժամանակ մեղուները փեթակներից դուրս են եկել և հարձակվել ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 74-ամյա Վաչագան Հ․-ի վրա, որը չի կրել պաշտպանիչ հագուստ։ Նա ստացել է բազմաթիվ մեղվի խայթոցներ, ինչի հետևանքով մահացել է։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Կարդացեք նաև․ Ողբերգական վրաերթ՝ Արմավիրի մարզում․ 22–ամյա վարորդն ուշ գիշերին վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

