Կրակոցներ, սպանություն Ալավերդի քաղաքում

19.05.2016, 11:03
Այսօր՝ մայիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Կրակոցներ, սպանություն Ալավերդի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի շենքերից մեկի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է, ով տեղափոխել են Երևան:

Կայքի հաղորդմամբ` ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի:

Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր:

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ: Տեղում մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կարգադրությամբ Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: –0–