Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան վիրավոր և անհետ կորած հայեր
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվել են երկու հայ ընտանիքների տներ, հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կան մի քանի վիրավորներ և անհետ կորածներ, ասվում է Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախօրեին ողջ օրվա ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, մշտական կապի մեջ լինելով Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Մանուելյան հետ, հետևում է երկրաշարժի հետևանքներին ու հայ համայնքի կրած վնասներին։
Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում մեկ րոպեից պակաս ընդմիջումով տեղի է ունեցել երկու հզոր ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով, որոնցից հետո գրանցվել են տասնյակ հետցնցումներ։ Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են Կարակասում և այլ քաղաքներում շենքերի փլուզման, ենթակառուցվածքների վնասման և Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի փակմանը: Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։
Վերջին տվյալներով՝ տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 188 մարդ, 1 520-ը ստացել են վնասվածքներ։ 157 մարդ համարվում է անհետ կորած։

