ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 19-ին 22-ամյա Լևոն Սահակյանին դանակահարած «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն 39-ամյա Վահան Ղազարյանը նախօրեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել։
Երիտասարդը ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքերով դիմել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան մահացել է: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), իսկ կասկածյալը Վահան Ղազարյանը ձերբակալվել։
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացնելու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վ. Ղազարյանի նկատմամբ։
Վերջինս, երբ տեղափոխվում էր ոստիկանություն, թաքցնում էր իր դեմքը։
Քիչ անց ոստիկանության Մաշտոցի բաժնից նրան տեղափոխել են դատարան, որտեղ էլ սկսվելու է դռնփակ դատական նիստը և դատավորն այն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
Կասկածյալն իր հերթին նշում է, որ իր և Լևոնի միջև վեճ է բռնկվել, որի ժամանակ երիտասարդը հարվածել է իրեն: Վերջինս, պաշտպանվելու նպատակով, պատասխան հավածներ է հասցրել: -0-