Երեք օր առաջ դանակահարված երիտասարդը նախօրեին մահացել է

22.10.2016, 11:03
Հոկտեմբերի 19-ին դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը նախօրեի ուշ երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Երեք օր առաջ դանակահարված երիտասարդը նախօրեին մահացել է
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Պատանի լրագրողների» դպրոցում հոկտեմբերի 20-ին դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը նախօրեի ուշ երեկոյան մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Նա «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքերով» դիմել էր «Արմենիա» ՀԲԿ՝ ասելով, թե վայր է ընկել Շիրակ հանրախանութի մոտակայքում:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից հայտնել էին, Լևոնը վնասվածքներ էր ստացել սրտի ու թոքի շրջանում:

«Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել էին վերակենդանացման բաժնից:

22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին էր և Սևան քաղաքի բնակիչ: Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը, լրագրող է: Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմել է, որ ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում լրագրող և դասավանդող է աշխատել Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։