NYT–ը նշել է երկրները, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտքն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավարտում է որոշ երկրների քաղաքացիների համար երկիր մուտքի նոր արգելքին ուղղված աշխատանքը, որն ավելի լայն կլինի, քան Հանրապետականների առաջին ժամկետի ժամանակ ներդրված սահմանափակումները։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին The New York Times-ին հայտնել են հարցին ծանոթ երկու պաշտոնյաներ։
Նրանց խոսքով՝ նախագծով առաջարկվում է կազմել այն երկրների «կարմիր» ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելվելու է մուտք գործել ԱՄՆ։ Գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ ցուցակը հիմնականում բաղկացած է այն պետություններից, որոնք նախորդ անգամ ներառվել են ցուցակում։ NYT-ն հիշեցնում է, որ այն ժամանակ այդ ցուցակում ներառված էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը:
Պաշտոնյաներից մեկը նաև հայտնել է, որ առաջարկվում է այս ցուցակում ներառել նաև Աֆղանստանը։ Շոն Վանդիվերը՝ շահույթ չհետապնդող կազմակերպության ղեկավարը, որն օգնում է վերաբնակեցնել Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր համագործակցել են ամերիկացի զինվորականների հետ պատերազմի ժամանակ, հայտարարել է, որ իշխանություններից իմացել է, որ Աֆղանստանի քաղաքացիներին կարգելվի մուտքն ԱՄՆ։
Reuters–ը, հղում անելով հարցին ծանոթ երեք աղբյուրներին, գրում է, որ մուտքի նոր արգելքը կարող է հաջորդ շաբաթ տարածվել Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիների վրա։
NYT–ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում են նաև երկրների «նարնջագույն» և «դեղին» ցուցակներ, որոնց դեպքում մուտքի սահմանափակումները կլինեն պակաս կոշտ։