Forbes–ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի նոր վարկանիշը․ ովքե՞ր են առաջին հորիզոնականում

02.04.2025, 21:17
Forbes–ի դոլարային միլիարդատերերի նոր ռեկորդը
Forbes–ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի նոր վարկանիշը․ ովքե՞ր են առաջին հորիզոնականում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 39-րդ համաշխարհային վարկանիշը։

Այս տարվա ցուցակում ներառված է 3028 միլիարդատեր, ինչը նոր ռեկորդ է։ 2024 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է 2781-ի։ Աճել է նաև ընդհանուր կարողությունը՝ անցյալ տարվա 14,2 տրիլիոն դոլարից այս տարի հասնելով 16,090 տրիլիոն դոլարի, գրում է Forbes.ru-ն։

Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Իլոն Մասկը՝ 342 միլիարդ դոլար կարողությամբ: Tesla-ի ամենախոշոր բաժնետերը վարկանիշի առաջին հորիզոնականը չէր զբաղեցրել 2022 թվականից ի վեր։ Նա ներառվել է այն 1422 մարդկանց ցանկում, ում կարողությունն աճել է։

Մարկ Ցուկերբերգին հաջողվել է վերադառնալ առաջատարների եռյակը, Meta Corporation-ի ղեկավարը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 216 մլրդ դոլար։

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 215 միլիարդ դոլար կարողությամբ, կարողացել է պահպանել երրորդ տեղը աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշում։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Oracle կորպորացիայի հիմնադիրներից Լարի Էլիսոնը (192 մլրդ դոլար), և Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բեռնադ Առնոն (178 մլրդ դոլար), ով անցյալ տարի գլխավորել էր վարկանիշը, նա նահանջել է հինգերորդ հորիզոնական:

Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակում ընդգրկված 698 մարդ աղքատացել է, բայց ոչ այնքան, որպեսզի լքեն վարկանիշը։ Եվս 288 մարդ վերադարձել է ամենահարուստների ցանկ կամ ընդգրկվել առաջին անգամ։