ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իրանական դատարանն Իրանի նախագահի խորհրդական Մոհամմադ Ալի Նաջաֆին դատապարտել է մահապատժի կնոջը` Միտրա Նաջաֆին սպանելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով «Թասնիմ» գործակալությանը։
Դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Էսմաելի խոսքով, նախագահի` իսլամական իրավունքի գծով խորհրդականը դատապարտվել է քիսասի, որը ենթադրում է կատարված հանցանքի ծանրությանը հավասարազոր պատիժ։ Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել 20 օրվա ընթացքում։
Թեհրանի նախկին քաղաքապետ Ալի Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
Մայիսի վերջին հաղորդվել էր, որ Թեհրանի նախկին քաղաքապետի կինը սպանվել է իր տանը Թեհրանի Սաադատ Աբադ շրջանում, որտեղ ապրում են Իրանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները։
Ալի Նաջաֆին համարվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մտերիմներից մեկը։ Մինչև 2018թ.–ը զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը։ Միտրա Նաջաֆին նրա երկրորդ կինն էր։–0–