53–ամյա ֆրանսուհին լքել է միլիոնատեր ամուսնուն Բրեդ Փիթ ներկայացած խաբեբայի պատճառով․ նա կնոջից 830 հազ․ եվրո է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աննա անունով 53-ամյա ֆրանսուհին լքել է միլիոնատեր ամուսնուն խաբեբայի պատճառով, ում հետ շփվել է համացանցով։
Չարագործը կնոջ հետ նամակագրական կապի մեջ է եղել Բրեդ Փիթի անվան տակ և հափշտակել մոտ 830 հազար եվրո, գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով 7sur7-ին։
Աննան ինտերիերի դիզայներ է։ 2023 թվականին նա որոշել է գրանցվել սոցիալական ցանցերում՝ ամուսնու և դստեր հետ լեռնադահուկային հանգստավայրում անցկացրած հանգստից լուսանկարներ հրապարակելու համար։ Նախ Instagram-ում նրա հետ կապվել է ոմն «Ջեյն Էտտա Փիթը»՝ ներկայանալով որպես դերասանի մայր։ Նա նամակագրության մեջ նշել է, որ Աննան հենց այն կինն է, որն անհրաժեշտ է իր որդուն։
Ավելի ուշ, արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերների և տեսանյութերի միջոցով կինը հավատացել է, որ սկսել է շփվել հենց հոլիվուդյան սրտակերի հետ։ Ժամանակի ընթացքում սիրախաղը հասել է ամուսնության առաջարկի և նվերի: Այն ստանալու համար Աննան պետք է վճարեր ավելի քան 5 հազար եվրո, այդպես ծանրոցն իբր կմաքսազերծվեր։
Կեղծ Բրեդ Փիթը համոզել է Աննային որ երիկամների քաղցկեղի բուժման կարիք ունի, և նրա հաշիվները սառեցվել են Անջելինա Ջոլիից բաժանվելու պատճառով: Կինը մի քանի հարյուր հազար եվրո է փոխանցել խարդախին, որը ստացել է ամուսնուց բաժանվելուց հետո՝ մտածելով, որ վճարում է թանկարժեք վիրահատության համար։
Աննան կասկածել է, որ իրեն խաբում են, երբ տեսել է Փիթին իր ներկայիս ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի ընկերակցությամբ։ Ի պատասխան՝ խաբեբան նրան ուղարկել է մեկ այլ կեղծ տեսանյութ, որում մի լրագրող պնդում էր, որ Փիթն իրականում հանդիպում է Աննայի, ոչ թե Ինես դե Ռամոնի հետ։ Ֆրանսուհին հավատացել է տեսանյութին։ Սակայն Աննան հասկացել է, որ իրեն խաբում են, երբ կրկին հայտնվել են Փիթի լուսանկարները իր նոր սիրելիի ընկերակցությամբ:
Խաբեբաների զոհը կորցրել է մի քանի ընկերների, կռվել դստեր հետ և հայտնվել կլինիկայում ծանր դեպրեսիայի բուժման համար։