ԱՄՆ–ի դիրքորոշումը չի փոխվել. Թրամփի վարչակազմը մերժել է Ցեղասպանությունը դատապարտող Սենատի բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին Սենատի ընդունած բանաձևը, այս մասին հայտնում է The Hill-ը:
ԱՄՆ-ի սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց 150 բանաձևը, որը մասնավորապես մերժում է հայոց Ցեղասպանության ժխտողականությունը, վկայում է ԱՄՆ-ի կառավարության կողմից այդ հանցագործության ընդունման և հիշողության մասին, նպաստում է Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրերին` մեր օրերում նման չարագործություններից խուսափելու համար:
«Պետական դեպարտամենտը երեքշաբթի քննադատել է 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության կողմից հայերի մասսայական սպանությունն ու արտաքսումը Սենատի կողմից որպես Ցեղասպանություն ճանաչելը»,- գրում է The Hill-ը:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ վարչակազմը շարունակում է այդ դեպքերն ընդունել որպես «ամենավատ մասսայական վայրագություններից մեկը»:
«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր հայացքներն արտացոլվում են նախագահի անցած տարվա ապրիլին այդ հարցով արված հայտարարության մեջ», – հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը ողջ աշխարհում նշվում է ապրիլի 24-ին: 2019 թվականին այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել, որում ասվում էր,որ սկսած 1915 թվականից` մեկուկես միլիոն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան երթով անցել են Օսմանյան կայսրությունում։ Նախագահն այդ դեպքերը Ցեղասպանություն չանվանեց:-0-