Կյանքի փորձից. խելամիտ տնտեսելու 3 կարևոր սկզբունք
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեք մեծահասակ երեխաների մայրը, ով ունի կյանքի մեծ փորձ, մի անգամ ասել է. «Լավ ապրելու համար սովորեք տնտեսել»։ Իմ այն առարկությանը, թե միշտ չէ, որ ստացվում է հետևել այդ կանոնին, իմաստուն կինը նշեց, որ վաղուց իր համար մշակել է խելամիտ տնտեսելու և եկամուտները բաշխելու բանաձև` հետևելով երեք պարզագույն կանոնների։ Ինչպես հայտնի է, մարդիկ այդքան էլ չեն սիրում հետևել ուրիշների խոսքերին, սակայն դրանցից շատերը կարող են օգտակար լինել։ Այդ պատճառով «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է ներկայացնել մի քանի մարդկանց փորձն այն մասին, թե ինչպես է նրանց հաջողվել հաղթահարել ֆինանսական խնդիրները։
1. Պարտքեր մի կուտակեք

Ուզում եք գնել լվացքի մեքենա կամ հեռուստացույց, սակայն գումարը չի բավարարում։ Իհարկե, ավելի հեշտ է վերցնել սպառողական վարկ, հետո աստիճանաբար վճարել վարկն ու տոկոսները։ Սակայն սա վտանգավոր ճանապարհ է, որն անխուսափելիորեն կհանգեցնի նոր վարկերի և նոր ծախսերի։ Իսկ այդ գումարը կարելի էր ծախսել օգտակար և անհրաժեշտ իրերի վրա։ Այդ պատճաոռվ փոքր եկամուտ ունեցող մարդն ավելի լավ է հրաժարվի վարկային քարտերից և փոխառություններ վերցնելուց։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վարկը միջոցների անվճար օգտագործման հնարավորություն է տալիս` առանց տոկոսների վճարման, սակայն քեշբեքի հատկացումով։
Նման քարտերը կօգնեն, տոկոսներ չվճարելով, վաստակել սովորական եկամուտը գերազանցող գումար։ Խնայող մարդը միշտ իր եկամուտները համեմատում է ապրանքների գների հետ ու գտնում հարմար փոխարինում։ Պետք է որոշել ծախսերի հիմնական տեսակները և ֆիքսել դրանք, որպեսզի հնարավոր լինի սովորել գումար տնտեսել ու կուտակել։ Ձեր ընտանեկան բյուջեն իսկապես կշահի, եթե այս գործողությունները դառնան սովորական ձեզ համար։
2. Մի գնեք մեծ քանակի մթերք, ուշադրություն դարձրեք սպառվող կիլովատներին

Փորձագետները պարզել են, որ միջին վիճակագրական հայկական ընտանիքն ամենից շատ գումար է ծախսում մթերքի վրա։ Թվում է, թե խնայելու ամենահեշտ ձևն է գնել ավելի էժան, այսինքն ոչ այնքան որակյալ մթերք։ Սա սխալ է։ Որակյալ ապրանքների փոխարեն դրանց էժանագին տարբերակները գնելն ի սկզբանե սխալ է, քանի որ վատ որակը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա`անկախ նրա եկամտի մակարդակից։
Սակայն, հետևելով խելամիտ տնտեսման սկզբունքին` կարելի է էականորեն` 30–50 տոկոսով, կրճատել մթերքին տրամադրվող ծախսերն առանց ընտանիքի առողջությանը և սննդի որակին վնաս հասցնելու։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սեզոնային միրգ և բանջարեղեն` նախընտրելով տեղական ապրանքները, չգնել չափից շատ մթերք, որը հետո կփչանա սառնարանում, պետք է ընտրել չփաթեթավորված միրգ և բանջարեղեն, ինչը հնարավորություն կտա ընտրել անհրաժեշտ քանակի որակյալ ապրանք, օգտվել բոնուսային քարտերից, որոնք հնարավորություն են տալիս որոշակի գումար կուտակել, որը կարելի է օգտագործել որպես զեղչ հաջորդ գնումների ժամանակ։
Մեր համաքաղաքացիների համար հաջորդ լուրջ խնդիրը վճարումներն են կոմունալ և հեռահաղորդակցական կապի ծառայությունների համար։ Այստեղ ևս կա 10–20 տոկոս տնտեսելու հնարավորություն` ընտրելով էներգախնայող տեխնիկա և լամպեր, խնայողաբար օգտագործելով գազն ու ջուրը, ընտրելով կապի և ինտերնետ ծառայությունների ռացիոնալ փաթեթներ։
Կարելի է նաև վերանայել տրանսպորտի ծախսերը. երբեմն հրաժարվել սեփական մեքենայից և տաքսիով երթևեկել կամ հեռու ճանապարհների համար ընտրել ավելի քիչ ծախսատար մոդելներ, որոնք արժանացել են վարորդների բարձր գնահատականին:
3. Մի ընկեք գովազդի ծուղակը

Առևտրի կենտրոններում և սուպերմարկետներում ամեն ինչ ծառայում է մեկ նպատակին` ստիպել մեզ փող ծախսել: Գործի է դրվում գովազդը, հաճելի երաժշտությունը, գրավիչ փաթեթավորումները, զեղչերով և ակցիաներով գնապիտակները, ուշադիր անձնակազմը և այլն: Որպես գնորդ մեր խնդիրն է չտրվել գայթակղությանը, պահպանել առողջ դատողություն: Դրա համար խանութ գնացեք անհրաժեշտ իրերի` նախօրոք կազմած ցուցակով և հստակ գումարով, որը հատկացրել եք դրանք գնելու համար: Մի զլացեք համեմատել նույն ապրանքների գնելը հարևան խանութներում, քանի որ նույն ապրանքների գները տարբեր խանութներում կարող են մի քանի անգամ տարբերվել, ուշադիր ուսումնասիրեք պիտանելիության ժամկետը:
Եզրահանգում
Կյանքի փորձը մեզ հուշում է, որ պարզապես վերանայելով ձեր վերաբերմունքը ծախսերին` դուք կկարողանաք գումար խնայել, որը կարելի է ծախսել ընտանիքի անհետաձգելի կարիքների վրա:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

